ԱԺ այս քառօրյայում ավելի մեծ աղմուկ բարձրացավ ոչ թե ԸՕ-ի, այլ «Հրազդանցեմենտի» 500 մլն դրամ պարտքը ներելու նախագծի շուրջ, որի քվեարկությունը տապալվեց: Սա հարուցեց ՀՀԿ վերնախավի դժգոհությունը: ՀՀԿ նիստում ոմանք շատ կոպիտ նկատողության են արժանացել քվեարկությունը տապալելու համար: Սակայն այս ամենում կա էական մեկ հանգամանք, ինչը խնամքով «թաքցրել» են:
Նախագիծը ներկայացրել էր կառավարությունը և շահագրգիռ պետք է լիներ, որ այն ընդունվի, սակայն սա մեդալի ընդամենը մի երեսն է, իրականում նախագահական նստավայրում մտահղացված և կառավարության անունից ներկայացված այս օրինագիծը, մեր տեղեկություններով, վարչապետի սրտով չի եղել: Ասել են` պետք է ներել պարտքերը, կառավարությունն էլ հլու-հնազանդ ԱԺ է ուղարկել:
Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ արտահերթ նիստում խելոք նստել ու լսել է, թե նախագահն ինչպես է մեկիկ-մեկիկ դժգոհում «խրամատը» լքած պատգամավորներից, որոնց «անգործության» պատճառով «կողմ» կոճակը չի աշխատել, և ոչ մեկի մտքով չի անցել, որ դա նախ և առաջ նախագիծը ներկայացնողի ցանկալի սցենարն է եղել: Սա, հավանաբար, միակ դեպքն է, երբ Հովիկ Աբրահամյանը և Կարեն Կարապետյանը համամիտ են եղել: Հիշեցնենք, որ վերջինս նախագծին «դեմ» էր քվեարկել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ